211652_close_icon
views-count34653 դիտում article-date 20:22 10-07-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո´ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, չարենցավանցի Վարդան Կոնջորյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 10-ին, Չարենցավան քաղաքում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Վարդան Կոնջորյանի հիշատակին:
 
Հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համաքաղաքացիները, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, պատերազմին մասնակցած հերոսներ, այցելեցին Չարենցավան քաղաքի զինվորական պանթեոն, որտեղ բազմաթիվ լեգենդար հերոսների կողքին հանգչում է հերոս Վարդան Կոնջորյանի աճյունը, ծաղիկներ խոնարհեցին և կատարեցին խնկարկում:
 
Արդեն վերադառնալով Չարենցավան քաղաքում սրբատեղի դարձած, հերոսի անունը կրող «Վարդանի պուրակ», այնտեղ նույնպես ծաղիկներ խոնարհեցին ու օդապարիկներ բաց թողեցին երկինք:
 
Վարդան Ալբերտի Կոնջորյան
 
Ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
 
Սովորել է Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 2014-2015 թվականներին մասնակցել է «Կոտայքն իմ տունն է» ճամբարին։ 2014-2017 թվականներին եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։
 
2014-2015 թվականներին մասնակցել է Համահայաստանյան պատանեկան բանակումներին։ 2016 թվականին ավարտել է հիմնական դպրոցը՝ 9-ամյա կրթությամբ։ Նույն թվականին ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջի Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժինը։
 
2020 թվականի հունվարի 11-ին Վարդանը զորակոչվեց բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Հոկտեմբերյանի տանկային գումարտակում։ Նույն տարվա հունիս ամսին նրան տեղափոխեցին Վարանդա (Ֆիզուլի)։
 
Ընդամենը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Վարդանը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 12-ին և անմահացել հենց նույն օրը Վարանդայում՝ Իլիանդաղ կոչվող բարձունքում՝ 19 տարեկան հասակում:
 
Հերոս Վարդանի աճյունն ամփոփված է Չարենցավանի զինվորական պանթեոնում։ 2021 թվականի մարտի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Նույն թվականի սեպտեմբերի 16-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց հերոս Վարդան Կոնջորյանի անունով։ 2021 թվականի մայիսի 4-ին՝ իր շենքի հարևանությամբ, հիմնվեց «Վարդանի պուրակը»։


Լուսանկարները՝ Սարգիս Մաթևոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+

Նմանատիպ նյութեր