211652_close_icon
views-count587 դիտում article-date 16:18 13-07-2022

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության պարային համույթի տնօրենին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ընդունեց  Միշել-Ալե- Էգայան պարային համույթի տնօրեն Բրունո Միաշոնին եւ «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի տնօրեն Լիլյա Շալունցին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Իզերի դեպարտամենտի աջակցությամբ արդեն 4-րդ տարին է, ինչ ֆրանսական Միշել-Ալե Էգայան պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում Գավառի արվեստի դպրոցի պարի խմբի սաների եւ ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից մոտ 50 ուսանողների շրջանում։

Անդրադառնալով պարային համույթի կողմից իրականացվող աշխատանքներին՝ համույթի տնօրենը նշեց, որ այն միտված է հայկական եւ ֆրանսիական ավանդույթների մերձեցմանը` պարի միջոցով: Աշխատելով Գավառի ու Սեւանի երիտասարդների հետ՝ փորձում են ֆրանսիական մշակույթը փոխանցել նրանց, համադրելով հայկական եւ ֆրանսիական պարերը` ակնկալիքով, որ այդ աշխատանքների արդյունքում պարային աննկարագրելի գեղեցիկ պատկեր կստանան։

Վերջնական արդյունքը հանդիսատեսին կներկայացվի նոյեմբեր ամսին՝ Գավառի դրամատիկական թատրոնում, որտեղ դասընթացի մասնակիցները կներկայացնեն նորն ու ժամանակակիցը, իհարկե, պահպանելով նաեւ իրենց ազգայինն ու ավանդականը։

Կիրականացվեն նաև տեղի պարուսույցների վերապատրաստումներ՝ Ֆրանսիայից եւ Երեւանից մասնագետներ հրավիրելով մարզ։

Ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին Լիոնում եւ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է նաև պարային ներկայացման տարբեր դրվագների ֆոտոցուցադրություն։

Նմանատիպ նյութեր