211652_close_icon
views-count2126 դիտում article-date 17:14 13-07-2022

Փաշիկ Ալավերդյան. Ցանկանում եմ պարզաբանել ու վերջ տալ ավելորդ խոսակցություններին

Հայաստանի ծանրամարտի  տղամարդկանց հավաքականին կարճատև արձակուրդ է տրված: Անսովոր անդորրը կխախտվի հուլիսի 25 –ից, երբ Աբովյանում  կսկսվի  ուսումնամարզական հավաքը:  Դա   տարեվերջին  Կոլումբիայում  անցկացվելիք  աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է:

Ճեպազրույց ունեցանք  գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ: Ասաց,  որ մարզաձևում  լուրջ խնդիրներ չկան և ծանրորդները գիտեն իրենց անելիքների մասին: Թերևս խանգարում են մերթընդմերթ  տարածվող անհարկի լուրերն ու  զրույցները: Բերվեց հետևյալ օրինակը: Այժմ ունենք  գրեթե հավասարազոր ուժերի  և հնարավորությունների  գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ,  ամեն երկիր, հնգական  քաշային կարգերից յուրաքանչյուրում, կարող է երկուական մարզիկ – մարզուհի ներկայացնել:   Այս պարագայում  մեր առաջատար հերկուլեսներից մեկը  կզրկվի մասնակցությունից:  Կարելի է հնարավորություն տալ   << ավելորդին >>  , որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում:  Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն  ընդառաջ է գնացել իրեն  դիմած  Արաբական  Բահրեյնի  ֆեդերացիայի  ցանկությանը:  Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում  անհրաժեշտ  վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում  հանդես գալու համար: Ի դեպ,  օլիմպիական խաղերի պարագայում,  յուրաքանչյուր երկիր   կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց  և կանանց հինգական  քաշային կարգերում  ներկայացնել ընդամենը երեքական   մարզիկ – մարզուհի:

Փաշիկ Ալավերդյանը  ցանկացավ  ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել ու  վերջ տալ  ավելորդ  խոսակցություններին: 

Նմանատիպ նյութեր