211652_close_icon
views-count1933 դիտում article-date 21:47 25-07-2022

1992թ. Բարսելոնյան ստուգատեսը առատաձեռն գտնվեց հայ մարզիկների նկատմամբ

1992 թվականի այս օրը  ` հուլիսի 25 –ին  Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս առաջինը   Բարսելոն քաղաքում   ամառային 25 –րդ  օլիմպիական խաղերի  բացումը հայտարարեց:

ԽՍՀՄ  փլուզումից հետո ԱՊՀ միացյալ թիմի կազմում ընդգրկված էր  նաև Հայաստանի պատվիրակությունը:

Բարսելոնյան ստուգատեսը  առատաձեռն գտնվեց մեր մարզիկների նկատմամբ: Ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյանը և հրաձիգ Հրաչյա Պետիկյանը գերազանց մրցելույթներով հռչակվեցին օլիմպիական խաղերի չեմպիոն: Նման  պատվի արժանանալու համար ընդամենը երկու վայրկյան չբավարարեց  հունահռոմեական ըմբշամարտի մեր մյուս ներկայացուցչին ` Ալֆրեդ Տեր Մկրտչյանին, որը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Նշենք նաև կանանց   << Հատիս >>  թիմի  բասկետբոլիստուհի Էլեն Բունիաթյանցին : Նա Ռուսաստանի հավաքականի կազմում նույնպես նվաճեց խաղերի չեմպիոնի կոչումը:

Ձեռնունայն տուն վերադարձավ  միայն  մոսկովյան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մականորդ Սոս Հայրապետյանը:

Հայազգի մարզիկներից չեմպիոնական պատվանդանին կանգնեցին նաև  սուսերամարտիկ  Գեորգի Պողոսյանը / Ուկրաինա /  և  ռուսաստանցի   հանդբոլիստ  Պավել Սուքիասյանցը:

Բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը / Ուզբեկստան / և սպորտային մարմնամարզուհի Ջինա Գոգյանը  / Ռումինիա / անմասն մնացին խաղարկված մեդալներից:

Իսպանիայում կայացած համաշխարհային գլխավոր մարզահանդեսին մասնակցած 169 երկրների 9 հազար 356  մարզիկ – մարզուհիներ  32 մարզաձևում  վիճարկեցին մեդալների 257 հավաքածու:

Առաջինը ճանաչվեց ԱՊՀ  միացյալ թիմը ` 112 մեդալ / 45 + 38 + 29 / :  Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին  ԱՄՆ –ի ` 108 /  37 +  34 + 37 /  և Գերմանիայի ` 82 / 33 + 21 + 28 /  ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր