Արցախն ու Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել այս իշխանություններին. Իշխան Սաղաթելյան. News.am
Խորհրդարանական ընդդիմությունն ինչ-որ փուլում վարչապետին իմպիչմենթի ենթարկելու օրակարգով կգնա խորհրդարան, բայց դա չի լինի սեպտեմբերին:
«Սեպտեմբերին վստահ ոչ, բայց ինչ-որ մի փուլի այո»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Արցախն ու Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել այս իշխանություններին, իսկ դրա ճանապարհը լայն ժողովրդական ճակատ ճնշման տակ սրանց հեռացմանը հասնելն է: Հեռացման երկու ճանապարհ կա՝ հրաժարական եւ պաշտոնանկություն: Այս երկու գործիքներն էլ մեզ համար ընդունելի են:
Երբ հասնենք այդ մակարդակին, համաժողովրդական լայն ընդվզումը լինի, երկու ճանապարհով էլ հնարավոր է հասնել իշխանությունների հեռացմանը: Մենք ասել ենք, որ օգոստոսի երկուսից սկսած մեր գործիքակազմին ավելանալու է նաեւ պաշտոնանկությունը: Երբ, որ օրը հանդես կգանք այդ նախաձեռնությամբ, այն օրը, երբ դրա համար լինեն բավարար պայմաններ: Կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին, թե նոյեմբերին, կյանքը ցույց կտա»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ այս փուլում շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են, առաջիկա հանրհավաքին կախտորոշեն իրենց անցած ճանապարհը, իսկ սեպտեմբերից ավելի կազմակերպված եւ ավելի լայն թափով կմտնեն պայքարի մեջ:
Անդրադառնալով իրեն եւ Վահե Հակոբյանին պաշտոնակ անելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Եթե իրենց թվում է, որ այդ քայլերով կարող են կաշկանդել մեր գործունեությունը, սխալվում են, որովհետեւ դա իրենց համար է պաշտոնը շատ կարեւոր հարց: Մենք ունենք շատ ավելի կարեւոր մանդատ՝ մեր ժողովրդի վտահությունը»: