211652_close_icon
views-count6250 դիտում article-date 17:47 08-08-2022

Շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ. հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա. Էրդողան

Tert.am-ը գրում է. Աշխարհում հնարավոր չէ խաղաղություն հաստատել խաղաղության մասին ելույթներով։ Ակնհայտ է, որ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցային սեղանի շուրջ ձեռքբերումներ ունենալ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե իբր  միջազգային հանրությունը էական քայլ չի արել Հայաստանի մոտ 30 տարի տևած «օկուպացիոն» (չակերտները՝ Tert.am) քաղաքականության դեմ։

Էրդողանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Արդբեջանի հաղթանակից հետո «օկուպացիան» (չակերտները՝ Tert.am) ավարտվել է, գրում է posta.com.tr կայքը:

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի պատմական հնարավորությունը չկորցնենք: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Կովկասում «կայուն խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ուղղությամբ։ Մենք շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ: Ես հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա, եթե Հայաստանը արձագանքի կոչերին», - ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հուլիսին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, շնորհավորել միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ:

Նմանատիպ նյութեր