211652_close_icon
views-count842 դիտում article-date 10:43 17-08-2022

«Մարդակենտրոն» բառը վարկաբեկվել է․ մարդը չպետք է միջոց լինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Վերացական դոգման, եթե անգամ ազնիվ է իր հիմքում, բայց որն իրեն ավելի բարձր է դասում, քան կենդանի եւ փխրուն մարդկային կյանքը, եւ դիտվում է որպես միջոց՝ բարձր նպատակների հասնելու համար, դառնում է սպանության գործիք»: Մտքի հեղինակը նշանավոր լեզվաբան եւ գրականագետ Յուրի Լոտմանն է: Համատեքստը Պուշկինի ստեղծագործությունների վերլուծությունն է, բայց պարզ է, որ դա ունիվերսալ ճշմարտություն է: Ընդ որում՝ մեր ժամանակների համար խիստ արդիական:

Երբ քննարկվում էին 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, պաշտոնական քարոզչության մեջ շատ էր տարածված «մարդակենտրոն» որակումը: Իբր՝ առաջարկվող նախագիծը հենց այդպիսին էր: Հիմա մենք գիտենք, թե ինչի համար էր փոխվում սահմանադրությունը, եւ մեր այդ գիտելիքի ֆոնին «մարդակենտրոն» բառը նույնպես վարկաբեկվել է:

Դա չի նշանակում, որ մեր գործողությունները չպիտի լինեն մարդակենտրոն: Ստորեւ կփորձեմ ցույց տալ հակառակ մոտեցումները, որոնք, իբր, սկզբունքային են, գաղափարական կամ քաղաքական, բայց իրականում մարդակեր են:

«Շատ լավ է, որ Արմեն Գրիգորյանը մահացավ է, բա ինչո՞ւ էր նա սխալ բաներ ասում»: «Շատ լավ է, որ Բերձորում եւ Աղավնոյում մարդիկ տեղահանվում են, դա երաշխիք է, որ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա իշխանության»: «Շատ լավ է, որ Ավետիք Չալաբյանն ազատազրկված է, թող ավել-պակաս մեր վարչապետի մասին չխոսի»: «Շատ վատ է, որ Աղվան Հովսեփյանին ազատ արձակեցին գրավի դիմաց, իր հանցագործությունների համար նա պետք է մահանար բանտում»: «Պետք չէ խոսել Բաքվում պահվող գերիների մասին, դա քաղաքական շահարկում է»: 

Բայց կա նաեւ մեկ այլ մոտեցում, որը ես ճիշտ եմ համարում: Նշանակություն չունի, թե ո՞վ է ազատազրկվում քաղաքական հայացքների պատճառով՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Ավետիք Չալաբյանը: Տարբերություն չկա, թե ո՞վ է մահանում Հայաստանի պատժիչ համակարգի դաժանության պատճառով՝ «Հաց բերողը», թե՞ Արմեն Գրիգորյանը: Կարեւոր չէ, թե քաղաքական ի՞նչ հաշվարկներից ելնելով են մեր քաղաքացիները շարունակում գտնվել գերության մեջ կամ Արցախի մեր հայրենակիցները գաղթական դառնում:

Գուցե դուք ասեք, որ այս՝ երկրորդ մոտեցումը միամիտ է եւ իդեալիստական: Բայց այդ դեպքում մի զարմացեք՝ «Սուրմալուի» ողբերգության հանդեպ մեր հասարակության մեծ մասի անտարբերության վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր