211652_close_icon
views-count2279 դիտում article-date 15:03 18-08-2022

Կառավարությունը հավանություն տվեց փողոցային առևտուրը կարգավորող նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց փողոցային առևտուրը կարգավորող նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Երևան համայնքը և այլ համայնքներ բախվում են այն խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չկարգավորված է մնում:

«Երևանի քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են բացի տուգանք կիրառելու իրավունքից նաև փողոցային առևտուր իրականացնողների ապրանքները առգրավելու իրավունք ունենալ, որից հետո կարող են նաև իրավական գործընթաց սկսել»,- ասաց Սանոսյանը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում վերլուծություն են արել, ըստ որի եզրակացության են եկել, որ ունեցած գործիքակազմը բավարար չէ պատասխանատվության ենթարկելու առկա իրավախախտումների համար, շատ դեպքերում տուգանքները չեն կարողանում գանձել քաղաքացիներից:

«90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և այդպես գնում են, սնանկ են դառնում: Այս խնդրի լուծումը որպես այդպիսին մենք տեսնում ենք ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնողների ապրանքը բռնագրավելու միջոցով, և կարծում ենք, որ այդպիսով այս խնդիրը վերջնականապես կլուծենք: Պարբերաբար Երևան քաղաքում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամեն ինչը նորից կրկնվում է, և վստահ ենք, որ այս օրենքի ընդունմամբ կկարողանանք այդ հարցն ամբողջովին լուծել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ խաղալիքներ, անգամ կենդանիներ, փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են վաճառում և չգիտեն՝ ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում:

Նմանատիպ նյութեր