211652_close_icon
views-count3361 դիտում article-date 14:07 05-11-2022

Այսօր հետախույզների օրն է. Շնորհավո՛ր տոնդ՝ «Ռազվետկի Լյով»

Լևոն Արմենակի Ավետիսյան. ծառայակիցներն ու զինվորները նրան բնորոշում եմ որպես հզոր հրամանատար, լեգենդար հետախույզ, ում անունը հարկավոր է ոսկե տառերով գրել հայոց հետախուզության պատմության մեջ։

Լևոնը դեռ մանկուց  երազել է զինվորական դառնալու մասին: 2008 թվականին ընդունվել և 2012 թվականին ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և անմիջապես անցել ծառայության Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ամբողջ ծառայության ընթացքում Լևոնը եղել է կարգապահ ու օրինակելի զինվորական, ինչի մասին են վկայում ստացած բազմաթիվ պատվոգրերն ու մի շարք մեդալները:

2016 թվականին մասնակցելով Ապրիլյան պատերազմին՝ հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար արժանացել է Արիության մեդալի:

8 տարի ծառայելով ԼՂՀ-ում՝ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է ծառայության՝ Երևանի N զորամաս:

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Լևոնի և սիրելիի՝ Մայրանուշի պսակադրությունը: Սեպտեմբերի 27-ը գուժեց պատերազմի մասին չարաբաստիկ լուրը, իսկ Լևոնը պարտք ուներ հայրենիքի առաջ. շտապեց պաշտպանելու հայրենիքը, անառիկ պահեց իրեն վստահված սահմանները, փրկեց հարյուրավոր կյանքեր, ջախջախեց թշնամու մեծաքանակ ջոկատներ և նահատակվեց անօդաչու սարքի հարվածից: Երբ քաջին չեն կարող հաղթել արդար կռվի դաշտում, էլ ի՞նչ է մնում թշնամուն՝ դավադրաբար թիկունքից հարվածելուց բացի. Լևոնն անպարտելի էր արդար կռվի դաշտում։ 
Անգնահատելի են Լևոնի սխրանքները՝ արված հայրենիքի համար։ Քաջ հայորդին կյանքը չխնայեց մեր երկիրը պաշտպանելու համար։
Հիշատակդ վա՛ռ, մեր առյուծ տղա։

Ննջի՛ր խաղաղությամբ, մեր հերո՛ս. դու անմահ ես ու կաս: 

Հերոս Լևոն Ավետիսյանի աճյունն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Լուսանկարները՝  Նելլի Մուրադյանի անձնական արխիվից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր