211652_close_icon
views-count4001 դիտում article-date 19:42 07-11-2022

Քրեական վարույթ՝ Գյումրիում արյունոտ վերքով սպիտակ ձիուն շահագործելու համար․ «Առավոտ»

Երկու օր է՝ սոցիալական տարբեր ցանցերում արյունոտ բաց վերքով սպիտակ ձիու լուսանկարներն են, որոնք արվել են Գյումրիում։ Գրում է «Առավոտը»։

 Օգտատերերը, դատապարտելով կենդանուն նման  վատ վիճակում շահագործելը՝  զբոսաշրջիկներին  խնդրում են  չնստել այդ ձիով ֆայտոնը, բոյկոտել, չօգտվել այն կառապանի ծառայությունից, որը իրեն թույլ  է տալիս վիրավոր կենդանու միջոցով փող աշխատելու։ «Սա անմարդկային վերաբերմունք է, անհոգի կերպարներ եք, սադիզմ է»,- գրում են օգտատերերը։  

Կենդանու խեղճ վիճակի ու դաժան շահագործման հարցն, ըստ էության, առաջինը բարձրաձայնել է Կարինե Դավթյան-Ամիրբեկյանը, որը փորձել է բացատրել կառապանին, որ նման ֆիզիկական վիճակում չի կարելի կենդանուն շահագործել, սակայն արդյունքի չհասնելով,  դիմել է տեղի պաշտոնյաներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, Գյումրու քաղաքապետարանին ու կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին։ 

Նա մասնավորապես գրել է․ «Շա՜տ ուշադրություն, շատ: Հարգելի բոլոր, տուրիստներ ու շիրակցիներ, խնդրում եմ չօգտվել ֆայտոնի ծառայություններից: Այս անձինք, կարևորություն չտալով կենդանիների առողջությանն ու խնամքին, հաճախ բաց վերքերով ու վատ ֆիզիկական վիճակում էլ շարունակում են վերջիններիս շահագործումը: Երբ փորձում ես բացատրել՝ խելքն աշխատեցնելու փոխարեն ձայնի տոնայնությունն են բարձրացնում: Հույսս կտրելով իրենցից, դիմում եմ բոլոր այն անձանց, ովքեր կարող են բան փոխել: Հուսով եմ հետամուտ կլինեք ու թույլ չեք տա շահագործեն կենդանիներին: Կարևոր բան էլ նշեմ, որ Women’s Rights House NGO «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ-ի կողմից իրականացնում էինք «Քայլող տուր» ծրագիրը ողջ ՀՀ-ի քաղաքացիների համար, և սա թվով երկրորդ տուրն էր, որտեղ Գյումրու պատմամշակութային կոթողների ու կանանց իրավունքների մասին պատմություններով պիտի համեմեինք ու ներկայացնեինք Գյումրին ու պայքարող կանանց, սակայն բոլոր հյուրերն էս տեսարանը ու ձիու՝ հազիվ ոտքի վրա կանգնելը տեսան»։

Ձիու լուսանկարները տարածող օգտատերերից ոմանք իրենց գրառումներում նշել էին նաև ՀՀ ոստիկանությանը։

Ոստիկանության արձագանքը չուշացավ, այսօր պարզեցինք, որ Կումայրի բաժինը օգտատերերի ահազանգը գրանցել ու ընթացք է տվել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր