211652_close_icon
views-count2525 դիտում article-date 21:41 18-11-2022

Առաջին ալիքը ներկայացնում է Մանկական Եվրատեսիլի հաղորդավարներին

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղորդավարներն են երգչուհիներ  Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը և դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը:
 
Երգչուհի Իվետա Մուկուչյանը 2016 թվականին «LoveWave» («Սիրո ալիք») երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում և իր սիրո ալիքներով վերադառնում է եվրատեսիլյան մեծ բեմ՝ արդեն որպես շոուի հաղորդավար:
 
«Եվրատեսիլի երկրպագուները միշտ ցանկանում են իրենց սիրելի արտիստին կրկին տեսնել այս մրցույթում, և ահա ես վերադառնում եմ, իհարկե, արդեն այլ կարգավիճակով: Շատ ուրախ եմ լինել այս տարվա շոուի հաղորդավարներից մեկը, կրկնակի երջանիկ եմ, որ բեմում աշխատելու եմ պրոֆեսիոնալ մարդկանց՝ Գարիկի և Կարինայի հետ»,- ասում է Իվետան:
 
Գարիկ Պապոյանը եվրատեսիլյան հանդիսատեսին հայտնի է իր հեղինակած «Note Alone» երգով, որով 2014 թվականին Արամ Mp3-ն ներկայացրել է Հայաստանը և գրավել 4-րդ տեղը: Այժմ Գարիկը կուլիսներից դուրս է գալիս և «Մանկական Եվրատեսիլի» բեմից ողջունելու է բազմամիլիոնանոց լսարանին:
 
 «Երբ ստացա առաջարկը լինելու այս տարվա մրցույթի հաղորդավարներից մեկը, իմ երեխաների չափ ուրախացա: Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ ինչքան էլ սա մանկական մրցույթ է, պատասխանատվությունը շատ «մեծական է»», -նշում է Գարիկը:
 
2019 թվականի «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանն էլ ասում է, որ համաեվրոպական այս մրցույթի մեծ երկրպագու է և կրկնակի մեծ է պատասխանատվությունը հայրենիքում հյուրընկալել 16 երկրից մասնակիցների. «Լեհաստանում ընդամենը 3 րոպե ունեի իմ երկիրը ներկայացնելու համար, իսկ այստեղ ամբողջ շոուի ընթացքում ես և գործընկերներս փորձելու ենք բարձր տրամադրություն ապահովել: Սա նշանակում է, որ պատասխանատվությունը կրկնապատկվել է: Վստահ եմ՝ պրոֆեսիոնալ թիմի հետ իսկապես հրաշալի շոու ենք ունենալու»:
 
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
 
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 

Նմանատիպ նյութեր