211652_close_icon
views-count789 դիտում article-date 14:53 19-11-2022

Ջավախքում բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։  Ջավախքի Նինոծմինդա քաղաքում երեկ՝ նոյեմբերի 18-ին, տեղի է ունեցել «Աշնան մեղեդի. պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը, նվիրված նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանին։

«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները։

Միջոցառումը կազմակերպվել է ՋԱՀ-ի, Նինոծմինդայի քաղաքապետարանի և ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ 

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ լսելու Տերյան, ասմունքելու Տերյան, օրն այսօր Տերյանով է լցված։ Այստեղ մշակութային միջոցառումներ հաճախակի չեն կազմակերպվում։ Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառումները հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման հիմնասյուներից են։ Վերջին 9 տարիների ընթացքում ՋԱՀ-ը կազմակերպել է ավելի քան 100 միջոցառում։ Սա ևս այն միջոցառումներից է, որն ամրապնդելու է հայ-վրացական հարաբերությունները»,- նշեց նա։

Միջոցառմանը ներկա էին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, հյուրեր Վրաստանից, Տերյանի արվեստի երկրպագուներ։ 

Նմանատիպ նյութեր