211652_close_icon
views-count813 դիտում article-date 20:36 28-11-2022

Բացվել է Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը. «Այս տանն են ծնվել հայտնի «Նավզիկեն», «Հարսանիքը»

Նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) բացվել է Ե. Չարենցի   հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Չարենց ընտանիքի անդամները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի նշմամբ՝ տարին չարենցյան է, որի շրջանակում էլ իրականացվել են մի շարք ծրագրեր. այդ թվում մեծ կարևորություն ներկայացնող «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով  գիտաժողովը: Հատկանշական է, որ Չարենցին նվիրված հոբելյանական ծրագիրը եզրափակվում է կարևոր նախաձեռնությամբ՝ բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմամբ  և դրան հաջորդող միջոցառումներով:

«Այսօր բացվում է Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը, որը տեղադրվում է այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրել է Չարենցն իր կյանքի երկու տարիներին: Նա Երևան է եկել 1919 թվականի խոր աշնանը. ապրել է տարբեր տներում, երբեմն ուղղակի զբաղեցրել է սենյակի մի անկուն, տարիներ շարունակ բնակվել է նախկին «Ինտուրիստ» հյուրանոցում: Մի օր այստեղով անցնելիս տեսնում է կարմիր տուֆից կառուցվող շենքը և խնդրում, որպեսզի իրեն այդ շենքից բնակարան հատկացնեն: Աղասի Խանջյանի կարգադրությամբ այս շենքի 3-րդ հարկի թիվ 12 բնակարանը տրվել է բանաստեղծին:  Ըստ Արփենիկ Չարենցի՝ այս տանն են ծնվել Չարենցի հայտնի «Նավզիկեն», «Աղասի Խանջյանին», «Հարսանիքը» ստեղծագործությունները»,- նշել է թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով՝ 1937 թվականի հուլիսի 26-ին, երբ ձերբակալել են Չարենցին, հենց այս շենքի մուտքից են դուրս բերել և տարել: Այդ օրվանից հետո նա այլևս երբեք մուտք չի գործել իր տուն:

1954-ից հետո ձեռագրերը դարձել են ժողովրդի սեփականությունը, իսկ 1964 թվականին Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը, որի նախագահն էր Անտոն Քոչինյանը, որոշել է Չարենցի տունը վերածել հուշային բնակարանի: Մինչև 1975 թվականը հուշային բնակարանի աշխատակիցները զբաղվել են հավաքչական աշխատանքներով՝ ի մի բերելով  Չարենցի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող փաստաթղթեր:

1975 թվականին մեմորիալ բնակարանը պատրաստ էր այցելուներ ընդունելու: Հենց այդ շրջանում  այդտեղ բացվել է հուշատախտակ, սակայն տարիներ առաջ հանվել է, քանի որ տարեթվերը սխալ են եղել:

Ժաննա Մանուկյանի տեղեկացմամբ՝  նոր հուշատախտակի հեղինակը քանդակագործ Արմենակ Վարդանյանն է: Հեղինակի ստեղծագործական մտահղացման հիմքում ընկած է Չարենցի՝ դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերքը ձգտելու գաղափարը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ Չարենցը՝ որպես արևի պոետ, որպես կրակի, լույսի պաշտամունք ունեցող բանաստեղծ, մեր աշնան մեջ շատ արև ու լույս է բերել:

«Հոբելյանական միջոցառումների ընթացքում բազմիցս խոսել եմ նրա դերի, նշանակության մասին, մեր օրերում նրա կերպարի, նրա՝ որպես գոյաբանական կողմնորոշչի մասին: Իսկ հոբելյանական տարին հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով. մենք մի քանի անգամ ներկայացրել ենք երաժշտադրամատիկական հանդիսությունը՝ ճշգրիտ, փայլուն և հանրային հստակ ուղերձներով: Այս ընթացքում լույս են տեսել և դեռ հրատարակվելու են Չարենցի մի շարք գրքեր: Ուշադրություն է դարձվում Չարենցի ստեղծագործական ժառանգության թարգմանության խնդրին»,- նշել է Արա Խզմալյանն ու ուրախությամբ  փաստել, որ հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Տավուշի և Լոռու մարզերում:

Միջոցառմանը հաջորդել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի կնքումը: Վերջինիս նպատակն է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանից սկսած տարեցտարի պատրաստել Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը՝ «Երկերի ժողովածու» 13 հատորով:

Հաշվի առնելով այն, որ 2022 թվականին լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը՝ միջոցառումները եզրափակվել են «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսով և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը:

Միջոցառման շրջանակում Ափենիկ Չարենցի որդին՝ Արմեն Չարենցը, ներկաների պատմել է իր մանկության հուշերը, այնուհետև տուն թանգարանին է հանձնել Չարենցին նվիրած Գ. Սունդուկյանի դստեր գիրքը, որն էլ Չարենցը նվիրել էր Արփենիկին:

Նշենք, որ նոյեմբեր 27-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության և Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի ներկայացուցիչներն այցելել են Եղիշե Չարենցի հուշարձանին:

Վերը նշված նախաձեռնություններով կամփոփվի Ե. Չարենցի տուն-թանգարանի կողմից հայտարարված «Նոյեմբեր՝ հիշատակի ամիս» խորագիրը կրող միջոցառումների շարքը:

Նմանատիպ նյութեր