211652_close_icon
views-count1047 դիտում article-date 11:37 03-12-2022

Ռուսաստանի Սևծովյան նավատորմը պատերազմում կորցրել է մարտական կազմի 15 տոկոսը

«Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Պրոյեկտ» կայքի վերլուծությանը, հայտնում է, որ Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին Ռուսաստանի կատարած հարձակումից հետո ռուսական Սևծովյան նավատորմը զրկվել է մարտական կազմի 15 տոկոսից:

Ներխուժումից առաջ Սևծովյան նավատորմի կազմում եղել են 275 նավեր, որոնցից միայն 58-ն էին մարտական: Պարեկային նավակների հետ միասին մարտական նավերի թիվը 74-ի է հասել:

«Պրոյեկտը» վերլուծել է նավերի կորուստների մասին բաց աղբյուրներում հրապարակված տվյալները և պարզել, որ պատերազմի սկզբից ռուսները կորցրել են առնվազն 12 նավեր, որոնց մի մասը խորտակվել է, մյուս մասը վնասվել է և շարքից դուրս եկել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս պատերազմի ընթացքում նավատորմի կրած կորուստների մասին տվյալներ չի հայտնել:

Ապրիլի 13-ին խորտակվել է պատերազմին մասնակցած «Մոսկվա» հածանավը, որը համարվել է Սևծովյան նավատորմի դրոշակակիրը:

Ուկրաինացիները և Պենտագոնը հայտնել են, որ նավը խոցվել է ուկրաինացիների արձակած հրթիռներով, սակայն Մոսկվան պնդում է, թե նավը խորտակվել է զինամթերքի պայթյուններից առաջացած հրդեհի հետևանքով:

Նմանատիպ նյութեր