211652_close_icon
views-count734 դիտում article-date 23:26 13-01-2023

Զինվորական դատախազն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր՝ հունվարի 13–ին, այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ զինվորական դատախազին ուղեկցել են Երեւանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը եւ ՊՆ ռազմական ոստիկանության Երեւանի բաժնի պետ Միսակ Սահակյանը:

Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորությունները, ինչպես նաեւ ձեռքբերումներն ու իրականացվող բարեփոխումները:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գրիգոր Էլիզբարյանը հանդիպել է նաեւ կուրսանտներին եւ զրույցի ընթացքում բարձր գնահատել սպայի մասնագիտությունը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ռազմական գործողություններն ու հետեւանքները եւս մեկ անգամ ընդգծում են սպայի մասնագիտության կարեւորությունը: Այդ ժամանակ առավել ակնհայտ դարձավ, որ զինվորական ստորաբաժանումների գործունեությունը շատ դեպքերում կախված է լինում սպայի անհատական գործողություններից: Ուստի, Ձեզնից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը խիստ կարեւոր է: Դուք եք ընտրել այս մասնագիտությունը, ինքներդ եք որոշել դառնալ բանակի սպա, ուստի պատվով պետք է իրականացնեք Ձեր առաքելությունը, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար Ձեր առաջ դրված խնդիրները կարողանաք լիարժեք կատարել», - շեշտել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Էլիզբարյանը եւ կուրսանտներին մաղթել բարի ծառայություն:

Նմանատիպ նյութեր