211652_close_icon
views-count2344 դիտում article-date 11:24 19-01-2023

Նախնական վարկածով՝ ջեռուցման հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով է զորամասում հրդեհ բռնկվել. ՔԿ նախագահ

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա հայտնեց, որ դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ներգրավվել են նաև փորձագետներ։ 


Քյարամյանի խոսքով՝ կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով.

«Դա նախնական վարկածն է, որը այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Իրավապահները պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր