211652_close_icon
views-count1604 դիտում article-date 11:37 19-01-2023

Տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին. Պապիկյանը՝ զորամասի հրդեհի մասին

Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց ներկաներին ոտքի կանգնել եւ  հարգել զոհվածների հիշատակը:

«Գիշերվանից աշխատում ենք դեպքի հետ կապված, մասնավորապես ՊՆ-ի հետ»,-ասաց նա՝ խնդրելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնել դեպքի մանրամասները:

Պապիկյանն ասաց. «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն հրդեհային  կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաեւ արգելված միջոց: Խոսքը վերաբերում է նաեւ ավտոբենզինին, որը հետագայում հնարավոր չի եղել մարել»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Իրավապահները պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր