211652_close_icon
views-count1087 դիտում article-date 16:13 17-03-2023

Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Հայտնում է ԱԺ-ն։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, եւ ստեղծված իրավիճակում այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից եւ ծառայություններից, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից եւ բժշկական օգնությունից:

«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի` Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների էթնիկ զտման քաղաքականության դրսեւորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Արշակյանը: Նա այս համատեքստում կարեւորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ինչպես նաեւ Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:

Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը:

«Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին եւ խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը»,- արձանագրել է նա:

Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում` Իրկուտսկում:

Նիստից հետո Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները:

Նմանատիպ նյութեր