211652_close_icon
views-count14337 դիտում article-date 21:11 09-09-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. բնակիչները դիմում են Տիգրան Ավինյանին. «Երեխաների խաղը բակում սարքեք անվտանգ ու էտեք վտանգավոր ծառերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչներից, ովքեր իրենց ձայնն են ուզում լսելի դառնա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին։

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Այն, որ մենք՝ բնակիչներս, միշտ պայքարել ենք, որպեսզի մայրաքաղաքում անհիմն ծառեր արմատախիլ չարվեն, այսինքն ծառերի սպանդ տեղի չունենա, դա ակնհայտ է։ Սակայն դրան զուգահեռ նաև պայքարել ենք, որպեսզի մայրաքաղաքում պատկան մարմինները ժամանակին կատարեն ծառերի էտ։ Հիմա քանի տարի է՝ դիմում ենք Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, քաղաքապետարանի թեժ գիծ և խնդրում ենք, որպեսզի Բյուզանդի փողոցի 99, 100, 101 և մի քանի այլ շենքերի դիմաց դեռ սովետական տարիներից տնկված մի քանի հարկանի շենքի բոյի չափ ծառերն էտեն, սակայն ոչ մի արդյունք։ 

Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ուժեղ քամու հետևանքով ծառեր են կոտրվել, մի քանի ծառերի հսկայական ճյուղեր էլ կոտրվել ու ընկել են ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք։ Մի 2-3 ավտոմեքենաների վնասվելուց հետո քաղաքապետարանը փոխհատուցում է կատարել, ինչի համար շնորհակալ ենք, բայց ավելի լավ է գլխանց դեմն առնեն, քան հետո ամիսներ շարունակ արդարանան, թե քամու դեմ ոչինչ չեն կարող անել։ Այն, որ քամու դեմ մենք էլ ոչինչ չենք կարող անել, ակնհայտ է։ Բայց գոնե քաղաքապետարանն ու թաղապետարանը կարող են կատարել ծառերի էտ, վտանգավոր ճյուղերը հեռացնեն, ինչը կկանխի հետագա վտանգավոր դեպքերը։

2 օր առաջ երեխաները բակում խաղալիս են եղել, երբ հսկայական ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է, մոտ 1 մետր հեռավորության վրա են եղել երեխաները։ Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ ծառի գերանն ընկներ երեխաների վրա, ո՞վ էր պատասխան տալու։ Ձեզանից ինչ է գնում, էտեք էդ վտանգավոր ծառերը, որպեսզի հետո արտակարգ դեպքեր լինելու ժամանակ չարդարանաք, թե մենք ուզում էինք, բայց չհասցրեցինք։

Հիմա այստեղից դիմում ենք Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, միայն դուք մեկ հանձնարարական եթե տաք, պատկան մարմինները մեզ կփրկեն այս վտանգավոր ծառերից, հակառակ դեպքում, հետագա դեպքեր կրկնվելու պարագայում, մեղավորը դուք եք լինելու»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ վտանգավոր ծառերը նաև պատուհաս են դարձել զբոսաշրջիկների համար, քանի որ տուրիստների հոսքը նշված հատված ամեն օր չի դադարում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր