211652_close_icon
views-count2764 դիտում article-date 13:58 09-09-2025

Այն կառուցապատողները, որոնք չեն հասցրել 3 ամսվա արտոնության ժամկետում ավարտական ակտ ձեռք բերել, կստանան ևս 3 ամսվա արտոնություն

Սահմանված ժամկետներում շինարարությունն ավարտելը բխում է համայնքի և պետության շահերից: Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ, նոր տուրքերի վճարումներ: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նախագծով նախատեսվում է սահմանել արտոնություն: Այդ մասին Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 8-ի նիստին ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը՝ ներկայացնելով արտոնություններ սահմանող ավագանու որոշման նախագիծը:

Սա վերաբերում է այն կառուցապատողներին և շինարարական օբյեկտներին, որոնք շինաշխատանքները փաստացի ավարտել են, սկսել են իրենց ավարտական ակտի ձևակերպման գործընթացը և այդ ընթացքում արդեն իսկ ստացել են ևս մեկ անվճար արտոնություն եռամսյա ժամկետով, սակայն հանձնաժողովի անդամների ոչ բոլորի ստորագրություն են կարողացել ստանալ, որպեսզի դիմեն ավարտական ակտի համար:

«Մենք առաջարկում ենք, որ այն կառուցապատողները, որոնք այդ գործընթացը սկսել են, և հանձնաժողովի անդամների կեսի ստորագրությունները, այսինքն՝ դրական եզրակացություններն արդեն իսկ կան, և իրենք այդ արտոնությամբ ստացած ժամկետով չեն հասցրել իրականացնել իրենց ավարտական ակտի ձևակերպման գործընթացը, նրանց տրամադրել ևս մեկ եռամսյա ժամկետով արտոնություն, որպեսզի կարողանան ավարտական ակտը ձևակերպել»,- ասաց նա:

Ռուբեն Խոջոյանը մանրամասնեց՝ 2025 թվականի համար տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, այն դեպքում, եթե դիմումատուն, իրավաբանական անձի դեպքում՝ նաև գործադիրի ղեկավարը, թույլտվության ժամկետի օրվա դրությամբ Երևան համայնքի հանդեպ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, և կա ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի անդամների առնվազն կեսի ստորագրությունը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս պարզաբանեց՝ ընդգծելով, որ խոսքն այն կառուցապատողների մասին է, որոնք արդեն իսկ օգտվել են 3 ամսվա արտոնությունից՝ անվճար ժամկետի երկարաձգման, գնացել են ավարտական ակտ ստանալու գործընթացով, և ինչ-ինչ պատճառնեով ինչ-որ փուլում կանգնել են և չեն հասցրել 3 ամսվա մեջ ստանալ իրենց ավարտական ակտը:

«Այդ ինչ-ինչ պատճառներից հիմնականը ուրբան համակարգի հետ կապված հարցերն ու խնդիրներն են եղել: Այսինքն՝ մեծամասնության դեպքերում կառուցապատողը մեղավորություն չունի այդ գործընթացում: Այս արտոնությունը տրամադրվում է այդ դեպքերի համար, երբ կառուցապատողը հանձնաժողովի 50 տոկոս անդամների դրական կարծիքներն ունի, այսինքն՝ հանձնաժողովի կեսը ֆիքսել է, որ ավարտված է շինարարությունը, ֆիզիկապես ամեն ինչ օքեյ է, բայց համակարգի այս կամ այն խնդրի պատճառով չի հասցրել 3 ամսում ավարտին հասցնել պրոցեսը»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ շահառուները մի քանի տասնյակ կառուցապատողներ են:

Նմանատիպ նյութեր