211652_close_icon
views-count31961 դիտում article-date 16:15 03-03-2026

Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Արևաշատ գյուղի «մեկ կիլոմետրանոց փորձությունը» իսկական պատուհաս է դարձել վարորդների համար․ ճանապարհ, որը տարիներով պատասխանատու չունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արմավիրի մարզի Արևաշատ գյուղը Երևանին միացնող երկու ճանապարհ ունի։ Ճանապարհներից մեկը՝ Մուսալեռ գյուղով դեպի Երևան–Էջմիածին ավտոճանապարհն է, որը շուրջ 10 կմ-ով երկար է, քան Արևաշատ-Արբատ ավտոճանապարհը։

Թեև Արբատով անցնող ճանապարհը ամենակարճն է, այն տասնյակ տարիներ չի նորոգվել։ Արևաշատցիները ստիպված են ամեն օր մեքենաները վնասելով անցնել այդ ընդամենը մեկ կիլոմետրանոց հատվածը, որը փաստացի վերածվել է փորձության։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները, որոնցից մի քանիսը չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, նշում էին․

«Ճանապարհը նույնիսկ 1 կմ էլ չէ։ Նորմալ պայմաններում կարելի է անցնել մեկ րոպեում, բայց մենք անցնում ենք մոտ 20 րոպեում, որովհետև մարդաբոյ փոսեր ու խրամատներ կան։ Դիմել ենք թե՛ Արմավիրի, թե՛ Արարատի մարզպետարաններ, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Այս ճանապարհահատվածը կապում է Արարատի և Արմավիրի մարզերը, բայց մինչ օրս ոչ մի մարզային իշխանություն չի ստանձնում դրա նորոգման պատասխանատվությունը»։

Բնակիչների խոսքով՝ խնդիրը միայն ճանապարհի անմխիթար վիճակը չէ։ Տարիների ընթացքում ճանապարհի երկայնքով ձևավորվել են ինքնաբուխ «մինի աղբանոցներ», որոնք հատկապես քամոտ եղանակին լուրջ խնդիր են դառնում․ աղբը հասնում է բնակավայր, աղտոտում շրջակա միջավայրը և վտանգում բնակիչների առողջությունը։

Արևաշատցիները դիմում են ՀՀ կառավարությանը՝ հույս ունենալով, որ վերջապես լուծում կտրվի այս երկարամյա խնդրին։ Նրանց խոսքով՝ խոսքը ընդամենը մեկ կիլոմետր ճանապարհի մասին է, որը կարող է զգալիորեն թեթևացնել մարդկանց առօրյան, նվազեցնել մեքենաների վնասները և ապահովել անվտանգ ու արժանապատիվ տեղաշարժ։

«Մենք մեծ պահանջներ չունենք, պարզապես ուզում ենք նորմալ ճանապարհ, որով կարողանանք առանց վախի ու վնասի հասնել Երևան»,- ասում են գյուղացիները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր