211652_close_icon
views-count973 դիտում article-date 17:24 11-05-2026

ՀՀ ԳԱԱ-ում կայացավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը

Սույն թվականի մայիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի ունեցավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ, տասնյակ դպրոցների մանկավարժներ և սաներ։ Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Աշոտ Սաղյանը շեշտեց գիտության և կրթության զարգացման կարևորությունը՝ որպես ռազմավարական առաջնահերթություն։ Այս համատեքստում նա կարևորեց  Հայկական համադպրոցական գիտության փառատոնը։ «Ցանկացած երկրի ուժի հիմքում մարդիկ են իրենց գիտելիքներով, գիտական կարողություններով և ստեղծարար ներուժով։ Սակայն ամեն ինչ սկսվում է դպրոցից։ Դպրոցում պետք է ձևավորվի հետաքրքրությունը գիտության նկատմամբ, երեխան պետք է հասկանա, թե ինչ է գիտությունը, ինչ է գիտական գործունեությունը, ինչ նշանակություն ունի հետազոտությունը և ինչպես կարող է գիտելիքը փոխել հասարակությունն ու պետությունը։ Հենց այդ հիմքի վրա է ձևավորվում ապագայի գիտնականը, մասնագետը և գիտակից քաղաքացին», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակից ուսումնական հաստատությունների մանկավարժներին և սաներինակտիվության, նախաձեռնողականության և կատարած աշխատանքի համար: «Գիտության փառատոնին մասնակցությունը վկայում է այն մասին, որ նախագծի թեման ընտրելիս լրացուցիչ ջանք եք դրել, հոգացել եք նորարարական վերջնարդյունքներ ունենալու մասին, փորձել եք գտնել հասարակության համար հետաքրքրական թեմաներ։ Ամեն անգամ շփվելով փառատոնի մասնակիցների հետ՝ ավելի եմ համոզվում՝ դուք ունեք մտքի մեծ թռիչք, նորարարական գաղափարներ: Որպես պետություն՝ մեր խնդիրն է ապահովել այնպիսի դպրոց, որը կխթանի ձեր ստեղծագործական, քննադատական, նորարարական մտածողությունը։ Դպրոցում գիտելիք ստանալը շատ կարևոր է, և այսպիսի աշխատանքներն օգնում են աշակերտներին ավելի լավ պատկերացնել, թե գիտելիքը ինչպես կարող է կիրառվել», - ասաց Արաքսիա Սվաջյանը։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնում հաղթող ճանաչված 62 նախագծի հեղինակները՝ շուրջ 120 սան, պարգևատրվեցին մրցանակներով։

2026 թվականին փառատոնին մասնակցել է Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսումնական հաստատության միջին և ավագ դասարանների շուրջ 140 սան՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում․

«Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ)

«Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ)

«Քիմիա» (18 նախագիծ)

«Կենսաբանություն» (18 նախագիծ)

«Հասարակական գիտություններ» (18 նախագիծ)

Յուրաքանչյուր անվանակարգում սաներն արժանացել են 1-րդ, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։ Փառատոնի մրցանակակիր նախագծերից երկուսը կներկայացվեն ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառում, երկուսը՝ Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթում։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր