211652_close_icon
views-count1423 դիտում article-date 19:05 12-05-2026

Ավտովթար` Սյունիքի մարզում. 20-ամյա վարորդը  «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել անտառում. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Բ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել անտառում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Արման Մ.-ն, 21-ամյա Դավիթ Ի.-ն, 18-ամյա Ալեն Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից` 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Պետրոսյանը և Սմբուլ Մանուկյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Սևակ Արզումանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները` Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր