211652_close_icon
views-count832 դիտում article-date 16:27 16-05-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. վարորդն ու 2 ուղևորները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, փրկվել են առաջին հերթին ամրագոտու շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դեպի Ծաղկաձոր տանող կամրջի սկզբնամասում «Audi A3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բախվել քարերին և 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորները սփյուռքահայեր են, և նրանք առաջին հերթին փրկվել են, քանի որ եղել են ամրակապված, և բժիշկների շնորհիվ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր