211652_close_icon
views-count1351 դիտում article-date 20:57 18-05-2026

Արտակարգ դեպք Երևանում․ փրկարարը, պարեկն ու շտապօգնության բժիշկը, վտանգելով իրենց կյանքը, «Հաղթանակ» կամրջի վրա փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում էր վերջ տալ իր կյանքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարների, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ, «Հաղթանակ» կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները տեղեկություն էին ստացել, որ քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվելու եղանակով վերջ տալ իր կյանքին։

Օպերատիվորեն պարեկները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկն ու բուժքույրը ժամանում են նշված վայր և տղայի հետ բանակցություններ վարում։

Բարեբախտաբար, երբ նա մի պահ հայացքը նետում է դեպի ներքև, պարեկը, փրկարարն ու բժիշկը կարողանում են բռնել նրան և տեղափոխել անվտանգ վայր, ապա ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Էլբակ Ավետիսյանը նախ հոգեբանական օգնություն են ցուցաբերում, որից հետո նրան տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, և այն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը հայտնել է, որ այդ քայլին դիմել է ընտանեկան խնդիրների պատճառով։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր