211652_close_icon
views-count1186 դիտում article-date 12:21 21-05-2026

ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են հարկային ոլորտի նոր բարեփոխումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստ, որի հիմքում պետություն-հասարակություն երկխոսության ապահովումն էր՝ քննարկելու հարկային ոլորտում առաջարկվող նոր բարեփոխումների հնարավորությունները և իրականացված օրենսդրական փոփոխությունների կիրառման հետ կապված ընթացիկ խնդիրները։ Նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է հարկային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ որպես առանցքային բարեփոխում ընդգծելով քրեական պատասխանատվության շեմերի վերանայումը, ինչպես նաև հարկային վարչարարության կիրառման պրակտիկայի վերանայումը, օրինապահության համակարգի և էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգի ներդրումը։ «Մենք արժևորում ենք այս հարթակը և պետք է շարունակաբար ընդլայնենք Խորհրդի անդամների ակտիվ ներգրավվածությունը ՊԵԿ բարեփոխումների գործընթացում»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։

Նիստի ընթացքում, հարկային ոլորտի նոր բարեփոխումների համատեքստում, ներկայացվել են «Ապրանքաշրջանառության հորիզոնական մոնիթորինգի» նոր համակարգի ներդրման հնարավորությունները, որի նպատակն է ապրանքաշրջանառության միասնական հաշվառման և կոդավորման իրականացումը։ Անդրադարձ է եղել այս ուղղությամբ ուսումնասիրված միջազգային փորձին, որի արդյունքում քննարկվել են ապրանքների անհատական ծածկագրերի և «Վիրտուալ պահեստ» համակարգերի ներդրման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր։ Ընդգծվել են ապրանքների անհատական ծածկագրերի համակարգի ներդրման հնարավորությունները, որի միջոցով ապրանքները կարող են հաշվառվել «Վիրտուալ պահեստ» համակարգում՝ ներառելով ապրանքների մասին ամբողջական տվյալներ։ Ներկայացված և քննարկված նոր հնարավորություններն առավել մատչելի կդարձնեն հարկ վճարողների կողմից ապրանքների հաշվառման գործընթացը՝ նվազեցնելով ապրանքների հաշվառման տեխնիկական և այլ սխալների իրականացման հավանականությունը, ինչպես նաև տեղում վարչարարություն իրականացնելու հաճախականությունը։ Առաջարկվել է համակարգերի ներդրումն իրականացնել խթանիչ գործիքակազմի կիրառմամբ և կամավորության սկզբունքով, ինչը կարող է իրականացվել հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացման միջոցով՝ հաշվի առնելով ռիսկայնության չափանիշները։ Առաջարկի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Միաժամանակ, Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման գործընթացում առաջացած խնդիրներին, մասնավորապես, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը ՀԴՄ կտրոնում կամ այլ հաշվարկային փաստաթղթում արտացոլելու հետ կապված հարցերին։

Նիստի ընթացքում ներկայացված հարցերի, բարձրացված խնդիրների, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումների շուրջ փոխանակվել են մտքեր, արտահայտվել տեսակետներ և ներկայացվել կառուցողական առաջարկներ։

ՊԵԿ նախագահն, ամփոփելով նիստը, ընդգծել է հանրության հետ երկխոսության այս ձևաչափում քննարկված բարեփոխումների նոր հնարավորությունները, որոնք միտված են մեղմացնելու հարկային վարչարարությունը, բարձրացնելու կամավոր հարկային կարգապահությունը և խթանելու օրինապահությունը։ Որոշվել է ներկայացված նոր համակարգերը լրամշակելուց, ինչպես նաև կիրառման մեխանիզմները մշակելուց հետո կրկին կազմակերպել քննարկում։

Նմանատիպ նյութեր