211652_close_icon
views-count1435 դիտում article-date 12:39 21-05-2026

ՆԳ նախարարությունը ԵՄ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը. Արմեն Ղազարյանն ու Յոհաննես Լուխները աշխատանքային քննարկում են ունեցել

Մայիսի 20-ին Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ և պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցն ու դրանում տեղ գտած առաջարկությունները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Քննարկման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են Գործողությունների ծրագրով սահմանված չորս հիմնական ուղղություններով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքին՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման, հասարակական կարգի պահպանության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում։

Հայկական կողմը ներկայացրել է միգրացիոն ռիսկերի և սահմանների համալիր կառավարման, ապօրինի միգրացիայի կանխարգելման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ կիրարկմանն ուղղված ինստիտուցիոնալ և գործառնական փոփոխությունները։ Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացի շրջանակում ներկայացվել են ծրագրի իրականացման փուլերը, տվյալների կառավարման մեխանիզմները, հստակեցվել վերջնաժամկետները։

Կրթական համակարգի արդիականացման շրջանակում Արմեն Ղազարյանը նշել է, որ ՆԳՆ կրթահամալիրում, ոստիկանների և փրկարարների մասնագիտացմանը զուգահեռ, նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր՝ միջազգային լավագույն փորձի և ժամանակակից մեթոդաբանությունների կիրառմամբ։ Նրա խոսքով՝ մասնագիտական կարողությունների զարգացումը սահմանային կառավարման արդյունավետության կարևոր նախապայման է։

Անդրադարձ է կատարվել նաև հասարակական կարգին և անվտանգությանը վերաբերող հենանիշերի կատարման ընթացքին։ Ներկայացվել են կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ հանցավորության կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումը, հետախուզության վրա հիմնված ոստիկանական գործունեության մոդելի ներդրումը, ինչպես նաև ծանր և կազմակերպված հանցավորության սպառնալիքների ազգային գնահատման համակարգի զարգացումը։ Քննարկվել են նաև Եվրոպոլ-ի հետ համագործակցության շրջանակում SIENA համակարգով օպերատիվ տեղեկատվության փոխանակման, միջգերատեսչական օպերատիվ խմբերի ձևավորման, ակտիվների վերականգնման գրասենյակի ստեղծման, կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացման և կիբեռլաբորատորիայի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքին։ Եվրոպական կողմը մի շարք ուղղություններով հետաքրքրվել է նախատեսված միջոցառումների իրականացման հստակ ժամկետներով և ակնկալվող արդյունքների ապահովման ժամանակացույցով։

Եվրոպական կողմը բարձր է գնահատել արձանագրված առաջընթացը և կարևորել Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների շարունակականության ապահովման հարցում։ Արմեն Ղազարյանը վերահաստատել է ՆԳՆ պատրաստակամությունը՝ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ շարունակելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր