211652_close_icon
views-count13572 դիտում article-date 11:05 30-05-2026

Կրակոց՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում. բժիշկներն արձանագրել են 62-ամյա տղամարդու մահը. Վաղարշապատի համայնքային ոստիկանները բաժնի պետի գլխավորությամբ տաք հետքերով վնասազերծել են կասկածյալին և կանխել վրեժխնդրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա զոհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալներ Արտակ Ղազարյանի, Բաբկեն Հարությունյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Սպանվածն ու սպանողը ազգականներ են, և պատճառը եղել է ֆինանսական պարտք ու պահանջը։ Ամենացավալին նաև այն է, որ տղամարդը իր բարեկամի կողմից սպանվել էր այն զենքով, որը ամիսներ առաջ սպանվածը նվիրել էր նրան։ Էստեղ են ասում  օձը տաքացնողին է կծում, ու նաեւ լավ է, որ Էջմիածնի ոստիկանները շուտ եկան, թե չէ վրեժխնդրություն էր լինելու, չնայած դրա մտավախությունն էլ կա ու դրա համար է, որ ոստիկանները մի քանի տներ վերցրել են իրենց հսկողության տակ։ Բայց դե ցավալի դեպք է, պարտք ու պահանջը այսօր դարձել է մարդկանց կյանքից զրկելու արատավոր երևույթ»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ծաղկունք գյուղի բնակիչ 62-ամյա Մանվել Թորոսյանն է, սպանություն կատարողը՝ 48-ամյա Բաբկեն Մինասյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով, տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։ Նրան և հրացանը Վաղարշապատի ոստիկանները ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր