211652_close_icon
views-count1807 դիտում article-date 20:55 03-06-2026

Մրցակցություն Արմավիրի և Վաղարշապատի համայնքային ոստիկանապետերի միջև, թե ով ավելի շատ չբացահայտված հանցագործություններ կունենա, իսկ հարսանքավորների թալանված տների դեպքերը մնում են «օդից կախված»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների պետերի մեջ կարծես թե մրցակցություն է սկսվել, թե ով ավելի շատ բնակարանային գողությունների չբացահայտման մեջ կգրավի առաջին հորիզոնականը։

Այն, որ ոստիկանության Արմավիրի (բաժնի պետ Վոլոդյա Գևորգյան) և Վաղարշապատի (բաժնի պետ Փայլակ Շմովյան) բաժիններում բնակարանային գողությունները դարձել են սովորական երևույթ, ինչպես նաև չբացահայտված, բնակիչների մոտ արդարացի զայրույթ է առաջացնում։

Ոստիկանության Արմավիրի բաժնի տարածքում հարսանքավորները դիմում էին ներկայացրել, որոնց մասին տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը, որ քաղաքացիները հարսանեկան արարողությանը մասնակցելուց հետո, վերադառնալով տուն, հայտնաբերել էին այն ամբողջությամբ թալանված։

Արմավիրի ոստիկանները իրենց վրայից գցել էին բացահայտման աշխատանքները՝ ասելով, թե դա քրեական գործ է, իրենք այդտեղ անելիք չունեն, ու բացահայտումը պետք է կատարեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական ոստիկանները։

Տեսնես այս պատասխանը Արմավիրի ոստիկանապետը ինչի տակ է տվել, իսկ հետո մի դարակազմիկ հայտարարություն տարածեց, թե գողին բռնել են, ու գործը ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից էլ, սակայն, «գողը» ազատ արձակվեց, ու հիմա այդ տուժած քաղաքացիները հույս էլ չունեն, թե Արմավիրի համայնքային ոստիկանները կբացահայտեն գողությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 29-ին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին են դիմել Փարաքար խոշորացված համայնքի Պտղունք բնակավայրի երկու բնակիչներ, ովքեր հայտնել են, որ մայիսի 28-ին, ժամը 16։00-ից մինչև մայիսի 29-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում, «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցել են հարսանեկան արարողության, որից հետո բնակիչներից 48-ամյա Հայկ Կ․-ն, վերադառնալով տուն, հայտնաբերել է պատուհանի երկաթե ճաղավանդակը վնասված, եվրոպատուհանը բացված և միանգամից հասկացել է, որ տունը թալանել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք, մտնելով Հայկ Կ․-ի տուն, այնտեղից հափշտակել են ոսկյա խաչեր, վզնոցներ, կուլոն, թևնոց՝ բնակչին պատճառելով մոտ 5 մլն դրամի նյութական վնաս։

Նույն օրը, նույն հարսանիքից տուն է վերադարձել 41-ամյա Տիգրան Կ․-ն, ով պարզել է, որ նույն եղանակով ստահակը կամ ստահակները մտել են իր տուն, խառնել ննջասենյակի իրերը, տակնուվրա արել և այնտեղից հափշտակել ոսկյա շղթա՝ կուլոնով, մեկ ոսկյա կուլոն, մարգարիտե ականջօղեր, մոտ 500 ԱՄՆ դոլար, հավաքված կասան և 150 հազար դրամ գումար։

Ըստ տուժածի՝ իրեն ընդհանուր պատճառվել է մոտ 2 մլն 300 հազար դրամի վնաս։

Դեպքի վայր են ժամանում Վաղարշապատի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Փ․ Շմովյանի գլխավորությամբ, ովքեր դեպքի մասին տեղեկությունը փոխանցում են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչև այժմ ոչ մի դրական արդյունք չկա։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ Արմավիրի, թե՛ Վաղարշապատի տուժած քաղաքացիները ասում էին, որ չեն էլ հավատում, որ ոստիկանությունը կբացահայտի գողությունները։

Ինչպես ավելի հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հերթական գողության դեպքն է տեղի ունեցել, և հերթական անգամ տուժածները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը տան տերերը մասնակցելիս են եղել հարսանիքի՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող, ժողովրդին հայտնի «Դվին» ռեստորանային համալիրում, և հարսանեկան արարողությունից վերադառնալով նկատել են, որ իրենց տները թալանված են։

Բնակիչները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, և հերթական անգամ ոստիկանները ժամանել են, արձանագրել կատարվածը, ապա տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչև այսօր դեռևս ոչ մի դրական արդյունք չկա իրավապահների կողմից։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած քաղաքացիները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Էս ինչ ա դառել էս դարը․ գնում ես ուրախության, հետ ես գալիս ու տեսնում՝ տունդ տակնուվրա արված, թալանված։ Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ նման քայլի դիմի։ Սա առաջին դեպքը չի։ Մեր գյուղում արդեն վախենում ենք հարսանիքի մասնակցել կամ հարսանիք անել, քանի որ այդ օրը գողը կամ գողերը, ովքեր վստահ ենք՝ լավ էլ տեղեկացված են լինում, որ տանը երկար ժամանակով մարդ չի լինելու, իրենց սև գործն են անում։

Բայց էլ ավելի զարմանում ու զայրանում ենք, որ իրավապահները թե այս, թե նախորդ երկու, ու գյուղում կատարված նախկին գողություններից ոչ մի դեպք չեն բացահայտել։

Հետաքրքիր է՝ ոստիկանների գործի անունը ինչ է։ Մենակ գան, արձանագրեն, ճոռոմ-ճոռոմ խոսան, թե հեսա օրերի ընթացքում գողին ու գողերին կբռնենք, բայց էդ օրերը արդեն դառնում են երկար ու ձիգ ամիսներ, տարիներ։ Երևի թե մեր Արմավիրի ոստիկանները չունեն այն պրոֆեսիոնալիզմը, որ տեսախցիկների այս դարում չկարողանան դեպքերը բացահայտել։ Սա պետք է մտահոգի Ներքին գործերի նախարարության նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին, որպեսզի մի բան ձեռնարկեն և ցուցաբերեն խիստ մոտեցում, որ մեր Արմավիրի ոստիկանները գործ անեն, այլ ոչ թե մեր հարկատուների հաշվին փող ստանան։ Գյուղի ցուցանակի վրա էլ մի մեծ գրություն գրենք՝ ստահակ գողեր, մեր գյուղում էլ հարսանիքներ չեն լինելու և հարսանիքների չենք մասնակցելու։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության նորանշանակ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արթուր Բարսեղյանին ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելիս նրանց առջև խիստ պահանջ էր դրել, որ քրեական ոստիկանները պետք է ոչ միայն կանխեն ու նախականխեն հանցագործությունները, այլ նաև բացահայտեն նախկինում կատարված հանցագործությունները։ Եվ այդ ամենի հսկողությունը նախարարի հանձնարարականով դրվել էր ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի վրա։

Դեռ սովետական տարիներից, երբ Հայաստանում գործում էր ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ոսկե օրենք էր քրեական հետախույզների համար, այն է՝ «չբացվող հանցագործություններ չկան, կան լավ բացահայտողներ»։ Սակայն վերջին տարիներին այդ ոսկե կանոնը երբեմն կաղում է ու բազմաթիվ հանցագործություններ մնում են չբացված։

Մեծ թիվ էին կազմում անձնական ունեցվածքի, այդ թվում բնակարանային գողության դեպքերը։

Շատ դեպքերում էլ քաղաքացիները հրաժարվում էին իրավապահներին դիմել՝ պատճառաբանելով, որ միևնույն է հանցագործությունը չի բացահայտվի, գողը կամ գողերը չեն բռնվի, և իզուր իրենց օրերով, շաբաթներով, ամիսներով, անգամ տարիներով էնքան կտանեն-բերեն, որ ավելի լավ է հաշտվեն այն մտքի հետ, որ դեպք էր, եղել էր։

Ինչպես Արմավիրի մարզից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ բնակարանային գողության դեպք տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս են եղել ու կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն հայտնաբերել էին թալանված։

Տեղում պարզվել էր, որ ոչ միայն այդ մի տունն էին թալանել ստահակը կամ ստահակները, այլ ևս մեկ տուն այդ ընտանիքի անդամների, ու այդ ընտանիքը նույնպես մասնակցելիս էր եղել հարսանեկան արարողությանը։ 

Տուժածներն անմիջապես ահազանգել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, որտեղից գյուղ էին ժամանել համայնքային ոստիկանները, իսկ հետո նրանց էին միացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները։

Արդեն դեպքի վայր են հրավիրվում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Տեղում քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Պարզվել էր, որ տականքը կամ տականքները տուն էինմտել եվրոպատուհանը բացելու միջոցով և այնտեղից հափշտակել էին ոսկյա զարդեր, գումար՝ տուժողին պատճառելով մոտ 35 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ 

Հանցագործը կամ հանցագործները նույն գյուղում նույն օրը թալանել էին նաև տուժած ընտանիքի պապիկի տունը, այնտեղից նույնպես տարել էին խոշոր չափի գումար։

Այդ տանը նույնպես քննչական գործողություններ էին կատարվել և նույնպես նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մարտի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ընտանիքի անդամները իրենց զայրույթն էին ուղղում ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի քրեական ոստիկանների և քննիչների հասցեին՝ ասելով.

«Ինչպե՞ս կարելի է 5 ամիս շարունակ չբացահայտել գողության դեպքը, մինչդեռ ամբողջ Հայաստանը գիտի, որ ամեն մետրի վրա տեսախցիկներ կան։ Իսկ ինչ են անում քրեական հետախույզները, մի՞թե այդքան թուլացել են, որ նույնիսկ օպերատիվ ճանապարհներով չեն կարողանում գտնել տականքներին։ Բայց ոչ, վստահ ենք, որ տներ մտնողները լավ իմացել են, որ այդ օրը մենք մասնակցում ենք մեր հարազատի հարսանեկան արարողությանը և տանը մարդ չկա։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր