211652_close_icon
views-count811 դիտում article-date 15:00 09-06-2026

Երևանում 10 օրից ավելի գարշահոտն ու կեղտաջուրը բնակիչներին հասցրել էին խելագարության աստիճանի. մինչև քաղաքապետ Տիգրան Ավինյանը չխառնվեց, պատկան մարմինները տեղից չշարժվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ հունիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 54 շենքի բակում տիրող հակասանիտարական ու գարշահոտ վիճակի մասին, որով բնակիչների խնդրանքն էինք փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ինքը միջամտի, որ հարցը լուծվի։

Իսկ խնդիրը 10 օրից ավելի չէր կարգավորվում «Վեոլիա ջրի» անգործության պատճառով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 9-ին, Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի կարգադրությամբ գործին խառնվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, ինչից հետո «Վեոլիա ջուրը» ու Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները գործի անցան, մաքրեցին խցանված դիտահորերը և վերացրեցին կեղտաջուրը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ ասելով. «Եթե շուտ իմանայինք, որ թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» տունտունիկ էին խաղալու, միանգամից կդիմեինք քաղաքապետարան, բայց որ ասում են՝ լավ  է ուշ, քան երբեք, հիմա էդ վիճակն է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն 10 օր է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 54 շենքի և դրան հարակից բնակելի, այդ թվում՝ բազմահարկ շենքերի բնակիչներն ապրում էին հակասանիտարական, գարշահոտ վիճակում, ու պատճառը դիտահորերից դուրս թափվող կեղտաջուրն էր, որի հոտը զգացվում էր անգամ մոտ 500 մետր հեռավորությունից։

Հունիսի 8-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.

«10 օր է՝ ամեն օր էս կեղտաջրի դուրս գալու մասին տեղեկացրել ենք Շենգավիթի թաղապետարան և «Վեոլիա ջուր»։  10 օր է ստանում ենք նույն պատասխանը։ Տպավորություն է, թե էդ կառույցները էդ 2-3 բառը գիտեն մենակ՝ «խնդրից տեղյակ ենք, ձեր զանգը գրանցվել է, խումբը կմոտենա», ու արդեն 10 օր է՝ կարծես Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» «Նոյի ագռավը» լինեն․ դուրս են եկել, տեղ չեն հասնում։ Պատկերացնո՞ւմ եք, օրերը տաքացել են ու էդ հոտը ոնց է սպանում ժողովրդին։ Դուռ ու լուսամուտ չենք կարողանում բացել։ Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը բնակիչներիս համար ֆուտբոլի դաշտ կառուցեցին։ Հարամ լինի էն ֆուտբոլի դաշտը, որ երեխաներն այնտեղ խաղալու համար պիտի նավակներով հասնեն ու կրեն հակագազ։ 

Էդ ֆուտբոլի դաշտ մտնելու արանքին արդեն անուն ենք դրել, Երևանն էլ ունի «Հորմուզի նեղուց», բայց որ իրանական Հորմուզի նեղուցն ավելի մաքուր վիճակում է, քան էս մեր ֆուտբոլի դաշտ մտնող «նեղուցը», դա վտանգավոր է, քանի որ ոչ միայն հոտն է սպանում, այլ նաև կա համաճարակի վտանգ։

Հիմա միակ հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով ունի լծակ Շենգավիթի թաղապետին մի թեթև եթե «տոկի տա», նա էլ՝ «Վեոլիա ջրին», էս գարշահոտ վիճակից հարյուրավոր բնակիչների կփրկեն»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր