211652_close_icon
views-count349 դիտում article-date 19:52 11-06-2026

Մայիսից կիրառության մեջ են մտել շինհրապարակների կահավորման և կազմակերպման՝ ամիսներ առաջ խստացված նորմերը

Մայիսից կիրառության մեջ են մտել շինհրապարակների կահավորման և կազմակերպման՝ ամիսներ առաջ խստացված նորմերը։

Այս մասին հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝
«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր ընթացող շինարարության փոշուց հանրության դժգոհությանը:

«Մենք ողջամիտ ժամկետ տրամադրեցինք, որպեսզի գործող կառուցապատողները կարողանան իրենց շինհրապարակները նորմի պահանջներին համապատասխան կահավորել անհրաժեշտ սարք-սարքավորումներով: Դրանց մեջ մտնում են փոշեճնշիչ միջոցները, ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների տեղադրումը, նաև շինհրապարակում գոյություն ունեցող հողային մակերեսների, ճանապարհների ծածկույթի վերաբերյալ պահանջները։ Իրականացվել են մի շարք խստացումներ, որոնց մասին առաջիկա օրերին կրկին կհիշեցնենք կառուցապատողներին, որպեսզի կարճ ժամանակում ապահովեն նորմերի պահանջները»,- հայտնել է կոմիտեի նախագահը:

Պատասխանելով Սերգեյ Բագրատյանի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ժամային սահմանափակումներ սահմանել շինաշխատանքների իրականացման համար՝ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Արդեն քննարկվել և մշակվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Երևանում գծային ենթակառուցվածքների, շինարարության տևողությունների և ժամային կարգավորումների վերաբերյալ՝ պիկ ժամերին խցանումներից խուսափելու նպատակով:

Ըստ կոմիտեի նախագահի՝ դիտարկվում է նաև շինարարության իրականացման ժամանակացույցից կախված տարբեր տուրքեր սահմանելու մոտեցումը։

Նմանատիպ նյութեր