211652_close_icon
views-count8811 դիտում article-date 10:53 13-06-2026

Վրաերթ՝ Երևանում. «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, նա եղել է սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գ.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Պ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ազատ Հակոբյանն ու պարեկ Վահան Հայրապետյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր