211652_close_icon
views-count22331 դիտում article-date 22:38 15-06-2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքներին միացել են Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու ջրասուզակները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 15-ին, Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները, որոնց հետ են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք կվերսկսվեն առավոտյան ժամը 08։00-ին։

Մինչև աշխատանքների ավարտը երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են մեծ թվով քաղաքացիներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի մեծ թվով աշխատակիցներ նույնպես միացել են որոնողական աշխատանքներին, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելաշյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել էր Փամբակ գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյան գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել էր, թե ինչպես է նա ընկնում գետը։

17:10
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը։ Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը։


Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր