211652_close_icon
views-count376 դիտում article-date 13:32 24-06-2026

Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները։

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության գործիքակազմին։

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել  ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը։

Նմանատիպ նյութեր