211652_close_icon
views-count1540 դիտում article-date 16:46 01-07-2026

Աննա Հակոբյանը սկսել է ուսումնասիրել ընտանեկան բռնության վիճակագրությունը Հայաստանում

ՀՀ վարչապետի կին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։ 

Աննա Հակոբյանը ներկայացրել է վերջին տարիների գործունեության երեք հիմնական ուղղությունները։ Նա նշել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր ամուսնու վերընտրվելը վարչապետի պաշտոնում դիտարկում է որպես հնարավորություն՝ վերանայելու իր առաջնահերթությունները և առավել հետևողականությամբ շարունակելու արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությունների իրականացումը։

Առաջինը խաղաղության օրակարգն էր։ Նա նշել է, որ երկար ժամանակ ջանքեր է գործադրել խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման գաղափարի շուրջ տարբեր երկրների գործընկերների, առաջին տիկնանց և, առհասարակ, կանանց համախմբելու ուղղությամբ՝ հավատալով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է կառուցել երկխոսության և համագործակցության միջոցով։

Երկրորդ առանցքային ուղղությունը «Կրթվելը նորաձև է» համապետական շարժումն է։ Աննա Հակոբյանը նշել է, որ դրա նպատակը շարունակական կրթությունը Հայաստանի հասարակական կյանքի ամենակարևոր արժեքներից մեկի վերածելն է՝ փոխելով կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքն ու ընկալումը: Խոսելով շարունակական կրթության կարևորության մասին՝ Հակոբյանն ընդգծել է, որ նախ և առաջ ինքն է առաջնորդվում այդ սկզբունքով․ նախորդ տարի նա ընդունվել է Պեկինի Նորմալ համալսարանի մագիստրոսական ծրագիր՝ ուսումնասիրելու չինական փիլիսոփայությունը:

Երրորդ առաջնահերթությունը վերաբերում էր ընտանեկան բռնության կանխարգելմանը։ Նա վերջերս սկսել է ուսումնասիրել ընտանեկան բռնության վիճակագրությունը Հայաստանում, դրա տարածվածությունն ու իրական պատմությունները։ Նրա համոզմամբ՝ այս ոլորտում առկա են լուրջ մարտահրավերներ, որոնց լուծման ուղղությամբ ևս անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք։

Նմանատիպ նյութեր