211652_close_icon
views-count1927 դիտում article-date 11:09 06-07-2026

Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. վիրավորը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։

Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Նրան հիվանդանոց է տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Մելքոնյանն ու պարեկ Ալիկ Կակոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ռուսական համարանիշներով է, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր