211652_close_icon
views-count310 դիտում article-date 11:51 07-07-2026

NYT․ Թրամփը մտադիր է թույլատրել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին կհայտնի, որ ամերիկյան իշխանությունները պատրաստ են թույլատրել Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը։ Այդ մասին գրում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ առայժմ մնում է անհասկանալի, թե կոնկրետ ինչ կերպ է Թրամփը մտադիր իրականացնել այդ քայլը և շրջանցել Թուրքիայի համար F-35-ների մատակարարման նկատմամբ Կոնգրեսի արգելքը։ Ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչները ենթադրել են, որ Թուրքիային F-35 ծրագրին վերադարձնելու գործընթացը սկսելու համար առաջնորդները կարող են փոխանակվել պաշտոնական նամակներով։ ԱՄՆ առաջնորդը հուլիսի 7-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ինչպես նշում է պարբերականը, ամերիկացի պաշտոնյաները չեն բացառել, որ Սպիտակ տան ղեկավարը դեռ կարող է փոխել իր կարծիքը։ Հունիսի վերջին բրյուսելյան Euractiv պորտալը հաղորդում էր, որ ԱՄՆ-ը կարող է վերադառնալ Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի գաղափարին, եթե նա հրաժարվի իր C-400 ՀՕՊ համալիրներից, սակայն դրանք չվերադարձնի Ռուսաստանին, այլ վաճառի «երրորդ երկրի»։

ԱՄՆ-ը 2019 թվականին դուրս էր թողել Թուրքիային իր F-35 ծրագրից՝ ռուսական C-400 ՀՕՊ համալիրներ ձեռք բերելու պատճառով։ ԱՄՆ-ը իր որոշումը հիմնավորել էր այն մտավախություններով, որ Թուրքիան կկարողանա տեղեկություններ հավաքել C-400 համալիրի նկատմամբ F-35-ի խոցելիության մասին՝ իր զինված ուժերում շահագործելով երկու համակարգերն էլ։

Թուրքիային F-35 ինքնաթիռներ փոխանցելու դեմ ակտիվորեն հանդես են գալիս նաև Իսրայելը, որի հարաբերությունները Անկարայի հետ վատթարանում են, և Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակից Հունաստանը, որը նույնպես Անկարայի պատմական հակառակորդն է։ Հունաստանն ու Իսրայելը պնդում են, որ Թուրքիային F-35-ների փոխանցումը «կխախտի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը»։

Նմանատիպ նյութեր