211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:12 23-07-2026

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունել է որոշում՝  ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա  խնդիրները կարգավորելու նպատակով։  Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Նաև առկա են շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ և սաներ:

Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։ Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում բնակելի անշարժ գույքի արժեքները ավելի բարձր են, քան նախորդ տարիներին էր՝ և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ մարզերի քաղաքներում վաճառված բնակարանների գների վերլուծությունը՝ առաջարկվում է Որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։

Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր