211652_close_icon
views-count442 դիտում article-date 11:51 02-08-2026

Ես անելու եմ ամեն ինչ, որ իմ, ձեր, բոլորիս երեխաները չիմանան և չտեսնեն՝ ինչ է պատերազմը. Ռուբեն Ռուբինյան

Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այս տարվա հունիսի 7-ին քվե տված ավելի քան 700,000 քաղաքացուն, որոնք հստակ և աներկբա մանդատ են տվել «Քաղաքացիական պայմանագրին»՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, շարունակելու խաղաղության օրակարգը՝ կազմելով կառավարություն: Այս մասին այսօր Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի թենածու Ռուբեն Ռուբինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը, դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, դուք պաշտպանեցիք հայկական ժողովրդավարությունը և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը, խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաներ ունենալու և մեծացնելու ժամանակը:

Իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել և ես անելու եմ ամեն ինչ, որ իմ և ձեր, բոլորիս երեխաները չիմանան և չտեսնեն՝ ինչ է պատերազմը»:

Նա շնորհակալություն հայտնեց նաև այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի և համոզմունքների համաձայն, առանց ընտրակաշառքի, չեն ընտրել ՔՊ կուսակցությանը, այսինքն՝ ընտրել են այլ ուժերի: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար և շեշտում եմ՝ խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով:

Սիրելի՛ ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք և լսում ենք: Ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել և տեսնում ենք, և ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ձեր ոչ բոլոր դժվարություններին և դժգոհություններին ենք արձագանքել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ»,- նշեց Ռուբինյանը՝ շեշտելով՝ խոստանում է, որ ամեն ինչ անելու են նրանց վստահությունը վերականգնելու համար:

Ռուբինյանը նաև հավելեց, որ վերջին ամիսներին և հատկապես՝ վերջին շաբաթներին մի տարօրինակ և անսպասելի կոնսենսուս է ձևավորվել, որը հետևյալն է՝ ՀՀ ԱԺ-ն անիմաստ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է և, որ այս գումարման ԱԺ-ն, այդ իմաստով, ավելի վատն է լինելու, քան նախորդը:

«Ես ուզում եմ ձեզ առաջարկել, որ մենք կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը, ինչպես ուզում եք՝ կոչեք»,-ասաց ԱԺ նախագահի թեկնածուն՝ դիմելով ընդդիմությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ տեղի է ունենում 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։

Հայաստանի խորհրդարանի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12:

Նմանատիպ նյութեր