211652_close_icon
views-count361 դիտում article-date 11:45 02-08-2026

ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. Խաչատուրյան

ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նա շնորհավորեց իններորդ գումարման առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ, շեշտեց՝ այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը:

Խաչատուրյանը, մասնավորապես, ասաց. «Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում  է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով»:

ՀՀ նախագահն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին և նշեց, որ նրանց ակտիվ մասնակցությունն ընտրություններին և ազատ կամարտահայտությունը ոչ միայն ժողովրդավարական գործընթացի կարևոր բաղադրիչ են, այլև մեր պետականության կենսունակության, հանրային պատասխանտվության և քաղաքացիական հասունության լավագույն վկայությունը:

«Շնորհավորում եմ խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժին՝ քաղաքացիների վստահության քվեն ստանալու կապակցությամբ, միաժամանակ, շնորհավորում եմ ԱԺ անցած քաղաքական ուժերին, որոնց ընտրել են մեր քաղաքացիները՝ իրենց գաղափարներն ու ակնկալիքները ներկայացնելու և պաշտպանելու համար»,- ասաց նախագահը:

Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը:

Նմանատիպ նյութեր