211652_close_icon
views-count24549 դիտում article-date 18:22 03-08-2026

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել

Հուլիսի 28-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում 2 զինակոչիկներ միմյանց ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։45-ի սահմաններում, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում վիճաբանության ժամանակ զինակոչիկներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արթուր Ղ․-ն և 19-ամյա Արեգ Հ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձինք կենտրոնի դիմաց, այլ անձանց ներկայությամբ, շարունակել են վիճաբանությունը՝ կրկին փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները նշված վայրից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արթուր Ղ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մաքսիմ Ղ․-ին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Արեգ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր