211652_close_icon
views-count2617 դիտում article-date 10:42 27-08-2026

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ Մարմարաշենում 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ դեպքի վայրում հայտնաբերվել է վրաերթի ենթարկվածի «Mercedes S500»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Կարապետյանը և Վիրաբ Գուլոյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վիրահատարանում մահացել է։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանել է վրաերթի ենթարկվածին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր