211652_close_icon
views-count118 դիտում article-date 15:36 03-09-2026

Երևանը ներառվել է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի 2029 թվականի 104-րդ կոնֆերանսը հյուրընկալելու թեկնածու քաղաքների շարքում

Երևանը ներառվել է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի (World Association of Detectives – W.A.D.) 2029 թվականի 104-րդ կոնֆերանսը հյուրընկալելու թեկնածու քաղաքների շարքում։

Թեկնածության ներկայացումն ու մրցակիցները

Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի՝ Կաննում անցկացվող 101-րդ կոնֆերանսի շրջանակում Երևանը պաշտոնապես ներկայացվել է որպես 2029 թվականի համաժողովի հյուրընկալման թեկնածու։ Հայաստանի թեկնածության առաջմղման գործում առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիայի նախագահ, W.A.D. դեսպան Հայկ Գաբրիելյանը։

Հյուրընկալող քաղաքի կարգավիճակի համար Երևանի հետ միասին պայքարում են նաև Վարշավան, Բուդապեշտը, Ռիգան, Գլազգոն և Ինսբրուկը։

Հինգ տարվա ճանապարհ՝ առաջին ընկերությունից մինչև միջազգային հարթակ

Այս արդյունքը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով Հայաստանում մասնավոր դետեկտիվների ոլորտի համեմատաբար կարճ պատմությունը։ 2021 թվականին, երբ Հայաստանում հիմնադրվում էր մասնավոր դետեկտիվների առաջին ընկերությունը, դժվար էր պատկերացնել, որ ընդամենը հինգ տարի անց երկիրը հնարավորություն կունենա մրցակցելու տասնամյակների պատմություն և ձևավորված դետեկտիվական մշակույթ ունեցող երկրների հետ։

Այս անցած ճանապարհը հստակ ցույց է տալիս, թե որքան արագ կարող է զարգանալ ոլորտը Հայաստանում՝ միջազգային մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցության և հետևողական աշխատանքի շնորհիվ։

Ի՞նչ կարող է տալ Երևանին W.A.D.-ի կոնֆերանսի անցկացումը

Եթե Երևանն ընտրվի, 2029 թվականին Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնավոր դետեկտիվներ, հետաքննությունների և անվտանգության ոլորտի առաջատար մասնագետներ։

Նման մասշտաբային միջոցառման անցկացումը լայն հնարավորություն կտա․
Հայաստանը արժանվույնս ներկայացնելու միջազգային մասնագիտական հանրությանը,
Ընդլայնելու ոլորտային համագործակցությունը և ձևավորելու նոր մասնագիտական ու գործարար կապեր,
Երևանը ներկայացնելու որպես միջազգային բարձրամակարդակ մասնագիտական միջոցառումներ հյուրընկալելու ունակ ու գրավիչ քաղաք։

Վերջնական որոշումը՝ 2027 թվականին

Երևանի թեկնածության համար պայքարը դեռ ընթացքի մեջ է։ Մինչ վերջնական ընտրությունը, թեկնածու քաղաքները պետք է լիարժեք ներկայացնեն իրենց հնարավորություններն ու առավելությունները։ 2029 թ. Երևանի աշխարհի լավագույն դետեկտիվների մայրաքաղաք դառնալու վերջնական արդյունքը պարզ կդառնա 2027 թվականի աշնանը՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք W.A.D. կոնֆերանսի ընթացքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր