211652_close_icon
views-count427 դիտում article-date 12:08 04-09-2026

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Սեպտեմբերի 3֊ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի մշակույթի օրեր ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորություններին։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Բադրի Մայսուրաձեի հետ:

Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր ծրագիրը կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։

Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որը կգործի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը:

Նմանատիպ նյութեր