211652_close_icon
views-count472 դիտում article-date 13:38 08-09-2026

Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հագուստի մանրածախ առևտրի ոլորտում բացահայտվել է իրացման շրջանառության՝ առանձնապես խոշոր չափերով թերհայտարարագրման դեպք։

Վարչության 15-րդ բաժնի իրականացրած վերլուծության շրջանակում համադրվել են ընկերության հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները և գործունեության փաստացի ծավալները բնութագրող մի շարք ցուցանիշներ։ Արձանագրված էական անհամապատասխանությունների հիման վրա ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային, որից հետո իրականացվել են թիրախային և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ընկերությունից ստացվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև աշխատանքային համակարգիչներում պահպանվող՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ։

Արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում՝ թանկարժեք բրենդների պատկանող հագուստի մանրածախ առևտուր իրականացնող ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել համապատասխան ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։

Ստացված նյութերի համադրված հետազոտմամբ պարզվել է, որ ընկերությունն իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 միլիարդ 460 միլիոն դրամով պակաս է արտացոլել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաշվարկվել է նաև պետական բյուջեին պատճառված վնասը, որը գերազանցում է 1 միլիարդ 500 միլիոն դրամը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանականում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։

ՊԵԿ-ը շարունակելու է թիրախային և ռիսկերի վրա հիմնված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հարկման բազաների թաքցման դեպքերի բացահայտման, ստվերային շրջանառության կրճատման և բարեխիղճ տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր