Դեսպան Կիրակոսյանը Ավստրիայում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները
Փետրվարի 26-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի նորընտիր խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի երկրորդ նախագահ, Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Կառլհայնց Կոպֆի հետ:
Շնորհավորելով զրուցակցին խորհրդարանական ընտրություններում իր ներկայացրած կուսակցության արձանագրած հաջողությունների, կառավարող կոալիցիա ձևավորելու և պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Ավստրիայի Ազգային խորհրդի երկրորդ նախագահը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման կարևորությունը՝ կողմերը քննարկել են խորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորմանը և գործունեությանն առնչվող հարցեր: