Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Նախագահն ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող խնդիրներ եւ պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը կարեւորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պարբերական այցելությունն Արցախ` այն համարելով պահանջված եւ տեսական, եւ պրակտիկ գիտելիքների խորացման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: