211652_close_icon
views-count946 դիտում article-date 11:24 10-10-2014

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրեց մեր հանրապետությունում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքները արդյունավետ համակարգելու նպատակով իրականացված միջոցառումները, ինչպես և պատվիրակությանը հանձնեց վերջին շրջանում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ու տեսանյութերը: Ընդգծելով ընտանեկան բռնությունների դեմ տարվող աշխատանքի կարևորությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու գիտակցությամբ է ոստիկանությունում կազմավորվել համապատասխան վարչություն, որին տրվել է բարձր կարգավիճակ: Կառուցվածքային այս փոփոխության դրական արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են: Ի պատասխան հյուրերի՝ ոլորտի ծառայողների մասնագիտական պատրաստականության վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետը նշեց, որ գործնական պարապմունքներն այդ, ինչպես և այլ ոլորտներում ոստիկանությունում պարբերական բնույթ ունեն, իսկ ոստիկանության ակադեմիայում այս օրերին էլ գործում է մասնագիտական դասընթաց՝ եվրոպացի գործընկերների համագործակցությամբ: Սպառիչ պարզաբանումներ տրվեցին նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների՝ Հայաստանի ոստիկանությունում կանանց ծառայության, նրանց իրավունքների պաշտպանության, մասնագիտական ու ծառայողական առաջընթացի ապահովման վերաբերյալ հարցերին: Հյուրերը ներկայացրին մեր հանրապետությունում արձանագրված ընտանեկան բռնության մի քանի կոնկրետ դեպքեր, և Վլադիմիր Գասպարյանը հաստատեց դրանք խորապես ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ոստիկանության հանձնառությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր