211652_close_icon
views-count1156 դիտում article-date 12:09 10-10-2014

Առողջապահության ոլորտում կատարած մեծ ավանդի համար հուշամեդալ ով է պարգևատրվել Րաֆֆի Արչալջյանը

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին անշախանդիր օգնություն ցուցաբերելու, մեծ ներդրումների, երկար տարիների հայրենանվեր գործունեության, ինչպես նաև «Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի» կազմավորման 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր-ղեկավար Րաֆֆի Արչալջյանը պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով: Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Րաֆֆի Արչալջյանին Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար:«Ուրախ ենք, որ այստեղ եք: Անգնահատելի է Ձեր ներդրումը առողջապահական համակարգի զարգացման` մասնավորապես պատվաստանյութերի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցությունը»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը: Րաֆֆի Արչալջյանը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` նշեց, որ ինքը, կարծես, Հայաստանի դեսպանն է աշխարհում: Նա հիշատակեց սփյուռքահայ շատ բարերարների անուններ, ովքեր տարբեր տարիների եղել են Հայաստանի կողքին` աջակցելով հայրենիքին ամենադժվարին օրերին, նպաստելով տարբեր ոլորտների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանի հաջողություններին: «Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամը» ստեղծվել է Րաֆֆի Արչալջյանի կողմից` ի հիշատակ 1994 թվականին ավիավթարից զոհված կնոջ և դստեր: Հիմնադրամն իր կազմավորման օրվանից օգնել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին` իրականացնելով սոցիալական և հանրային առողջապահության բնագավառի բարելավման ծրագրեր: Իմունականխարգելման ազգային ծրագրին «Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի» աջակցությունը դրսևորվել է հիմնականում նոր պատվաստանյութերի ներդրման գործընթացին ակտիվ մասնակցությամբ: 2007 թվականին կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութի ձեռքբերմանը հիմնադրամն աջակցեց հարյուր հազար ԱՄՆ դոլար ներդրումով: 2008 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԿԽ պատվաստումներն իրականացվում են հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Հիմնադրամը մասնակցել է նաև հնգավալենտ և պնևմակոկային պատվաստումների ներդրմանը, ինչպես նաև 2009 թվականից հնգավալենտ և ռոտավիրուսային պատվաստումների ձեռքբերման գործում պետության համաֆինանսավորմանը` յուրաքանչյուր տարի հատկացնելով 30 000 ԱՄՆ դոլար: Նոր պատվաստումների աջակցությունը կավարտվի 2015 թվականին: Հայաստանի մշտական գործընկեր հիմնադրամը հետագայում նախատեսում է Հայաստանում սկսել մեկ այլ ծրագիր, մասնավորապես` հնգավալենտ պատվաստումները երկրում աստիճանաբար փոխարինել վեցավալենտ պատվաստումներով, ինչպես իրականացվում է զարգացած երկրներում:

Նմանատիպ նյութեր