Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահին
Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը եւ Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից եւ ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առեւտրատնտեսական համագործակցությունը եւս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Կողմերը հույս են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն այսուհետ եւս կշարունակվեն կյանքի կոչվել` ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը Վրաստանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Վրաստանի նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները:
Հովիկ Աբրահամյանի եւ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից հետո Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային ճաշ՝ կառավարական պատվիրակության անդամների մասնակցությամբ: Քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, կարեւորվել այդ ուղղություններով համագործակցության ընդլայնումը: